Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Պատկերացրեք` կայքերի խաթարումն ինչ հետևանք կարող է ունենալ պատերազմական շրջանում»

«Պատկերացրեք` կայքերի խաթարումն ինչ հետևանք կարող է ունենալ պատերազմական շրջանում»
03.06.2014 | 11:33

Կայքի տարածքում տեղ գտած մեկնաբանությունները կարո՞ղ են դատական հայցի պատճառ դառնալ, ի՞նչ փոփոխություններ են սպասվում մեդիա դաշտում` տեխնոլոգիական զարգացումների համատեքստում, առցանց առևտուրը կարգավորվո՞ւմ է օրենքով, ի՞նչ վտանգ են ներկայացնում համակարգչային վիրուսները: Այս և այլ հարցերի մասին է մեր զրույցը մեդիա-փորձագետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:

-Ձեր հրապարակումներից մեկում նշել էիք, որ Հայաստանում կտրուկ աճել է շարժական սարքերի թիվը: Ըստ այդմ, ի՞նչ փոփոխություններ են սպասվում հայաստանյան մեդիա-դաշտում:
-Հստակ տվյալներ չկան Հայաստանում շարժական սարքերի թվի մասին, բայց կարելի է դատել երկրորդական աղբյուրների հիման վրա: Որպես օրինակ, Facebook սոցցանցից օգտվում է 650 հազար մարդ, այսինքն, համացանցից օգտվողների գրեթե կեսը: Ընդ որում, օգտվողների 60 տոկոսը Facebook մուտք է գործում շարժական սարքերով՝ հեռախոս և պլանշետ: Այսինքն, խոսքը մոտ 400 հազար մարդու մասին է: Դա լուրջ թիվ է և, բնականաբար, լրատվամիջոցների համար պետք է ազդակ լինի: Սակայն չենք կարող ասել, որ համատարած ուշադրություն են դարձնում այդ փաստի վրա: Քչերն են իրենց էլեկտրոնային լրատվամիջոցն օպտիմալացնում հեռախոսի համար, ինչը շատ բան է փոխում` սկսած տեղադրված նկարներից, վերջացրած կայքի ծրագրային ապահովումով և դիզայնով:
-Նկատել էիք նաև, որ օնլայն ռադիոն մեդիայի այն նոր տեսակն է, որը բավական արագ է զարգանում։
-Օնլայն ռադիոն մեդիայի յուրահատուկ օրինակ է, ավելի շուտ պետք է խոսել շարժական սարքերի համար օպտիմալացված մեդիաների մասին: Ավելանում են նաև կոնվերգենտ մեդիաները, այսինքն, երբ համախմբվում են մեդիայի հնարավոր բոլոր տեսակները, և հասկանալի չէ՝ ի՞նչ տեսակի լրատվամիջոց է` թերթ, հեռուստաընկերություն, տեղեկատվական գործակալություն: Երրորդ կարևոր զարգացումը յուրահատուկ ուղղությունների, օրինակ, սոցիալական մեդիաների օգտագործումն է: Հայաստանում, սակայն, հիմնականում Facebook-ն են օգտագործում (նաև Youtube-ը), բայց փորձը ցույց է տալիս, որ Facebook սոցցանցը կորցնում է իր դիրքերը: Հիմնական պատճառն այն է, որ փոխվել է նրա ներքին ալգորիթմը, և այն լրատվամիջոցները, որ բավականին լուրջ գումարներ էին ծախսում իրենց էջերում «լայքեր» ավելացնելու համար, հիմա փաստացի չեն ստանում այն արդյունքը, ինչ պետք է ստանային: Էջում տեղադրված նյութերի դիտելիությունը Facebook-ը նվազեցրել է մոտավորապես հինգ անգամ, ինչի պատճառով լրատվամիջոցների ընդհանուր այցելությունները կտրուկ նվազել են: Բայց դրան հակառակ չեն փորձում գտնել այլ ուղիներ: Այլ սոցցանցերի կիրառումը թույլ է մեզանում, չնայած լուրջ հեռանկար ունի, օրինակ, Twitter-ը:
-Իսկ ինչո՞վ է պայմանավորված այդ փոփոխությունը:
-Պարզ պատճառով. գրառումը տեսանելի դարձնելու համար պետք է վճարել:
-Կայքերն իրենց տարածքում կատարվող մեկնաբանությունների համար ունե՞ն որոշակի պատասխանատվություն: Նշել էիք, որ յուրաքանչյուր վիրավորված անձ կարող է մեղադրել կայքին մեկնաբանությունները սեփական վարկանիշի, դեպի կայք թրաֆիկի և այստեղից բխող եկամուտների աճի համար օգտագործելու մեջ։
-2013-ին «Դելֆի» տեղեկատվական պորտալը ընդդեմ Էստոնիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշեց, որ լրատվամիջոցները պատասխանատվություն են կրում կայքերում ընթերցողների թողած վիրավորական կամ զրպարտչական մեկնաբանությունների համար: Եվրոպական իրավապաշտպան կազմակերպությունները համարում են, որ սա սխալ որոշում է ու խախտում է խոսքի ազատությունը, մեկնաբանությունը չի հանդիսանում նյութ, և դրանցով կարելի է լրատվամիջոցներին անընդհատ դատական հայցերով քաշքշել: Մեզ մոտ առաջարկում էին ավելի մեղմ տարբերակ՝ լրատվամիջոցի պատասխանատվության հարցը քննարկել ծանուցումից հետո միայն:
-Մեզանում կա՞ նման վտանգ, կայքերը կարո՞ղ են տուժել ընթերցողների մեկնաբանություններից:
-Եթե որևէ մեկը դատական հայց ներկայացնի, մեր դատարանը պետք է որոշումն ընդունի` ելնելով նախադեպից: Յուրաքանչյուր կայք վտանգի տակ է: Մանավանդ եթե քաղաքական սուր վիճակ է, հարյուրավոր մեկնաբանություններ են լինում: Ավելին, Youtube-ի ալիքը, Facebook-ի էջը լրատվամիջոցի պատասխանատվության տակ են: Ստացվում է, ոչ միայն կայքը կարող է դատարանի առջև կանգնել, այլև լրացուցիչ հարթակները, որտեղ ահռելի քանակությամբ մեկնաբանություններ են լինում, մեկը մյուսից վատ: Այդ ամենը վերահսկելը բավականին լուրջ խնդիր է:
-«Freedom House» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` Հայաստանը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես դասվել է ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքին: Որքա՞ն են ճշմարտամոտ նման վարկանիշային աղյուսակները, և ի՞նչ չափանիշներով են առաջնորդվում համապատասխան ընկերությունները:
-Վարկանիշները շատ տարբեր են. «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության համար շատ լուրջ չափանիշ է համացանցի ազատ լինելը, նրանց տվյալներով` հայաստանյան մամուլը գնալով ավելի ազատական է դառնում: «Freedom House»-ը լրատվամիջոցները դիտում է այլ չափանիշներով` հաշվի է առնում ընդհանուր դաշտը, մամուլը, հեռուստատեսությունը, գովազդատուների ազատությունը: Ես կոնկրետ օրինակով գիտեմ, որ տասնյակ հազավոր դիտումներ գրանցող հաղորդման հեղինակը չի կարողացել գովազդատու գտնել, որովհետև չափից սուր թեմաներ է բարձրացնում:
-Դուք հաճախ եք անդրադառնում անձնական տվյալների պաշտպանության խնդրին, ծանոթացնում եք անվտանգության տարրական կանոններին: Ինտերնետ-հանրության քանի՞ տոկոսն է հետևում դրանց:
-Տոկոսային առումով` չգիտեմ: Կարող եմ ասել, որ ինչպես հարկն է ոչ պետությունն է հետևում, ոչ հասարակությունը: Շատ պարզ օրինակ բերեմ. 2010-ին բջջային օպերատորների տվյալների արտահոսք եղավ: Օպերատորները պատճառաբանեցին, որ իրենց մոտից չի եղել արտահոսքը (հարց է` որտեղի՞ց է եղել, եթե իրենց տվյալներն են) ու թեման դրանով փակվեց: Մեկ այլ երկրում, եթե նման դեպք լիներ, հասարակական աղմուկ կբարձրանար, երկարատև բաց հետաքննություն կլիներ:
-Կիբեռհանցագործությունները հիմնականում ի՞նչ նպատակ են հետապնդում, և ի՞նչ վնաս կարող է կրել օգտատերը:
-Շարժառիթները շատ տարբեր են: Կարող են հատուկ վիրուսային ծրագրով կոդավորել համակարգչի գրառումները և գումար պահանջել` համակարգիչն ապակոդավորելու համար: Լինում են դեպքեր, երբ երիտասարդներն իրենց ուժերը փորձելու համար կայքեր են կոտրում, հաճախ չգիտակցելով, որ քրեական հանցանք են գործում: Բանկային թալան են կազմակերպում, ձևավորում են նաև հանցախմբեր, որոնք սերտաճում են մաֆիոզ խմբերին և այլն:
-Ի՞նչ միտում ունեն ադրբեջանցի և թուրք հաքերների հաճախակի գրոհումները մեր կայքերի դեմ:
-Այսպես ասած` հայրենասիրական: Թուրքերն այս դաշտում պասիվացել են, ադրբեջանցիներն են ծրագրավորված աշխատում: Այնքան չափն անցան, որ մերոնք էլ հակառակ հարձակումներ սկսեցին:
-Հաքերների պատերազմը շատ դեպքերում շոուի՞ բնույթ ունի:
-Լինում են լուրջ դեպքեր` տվյալների արտահոսք, գումարի կորուստ, լրատվամիջոցների աշխատանքի խաթարում: Բայց վնասը կարող է մեծ լինել, եթե քաղաքական սրված իրավիճակ է: 2012-ի սեպտեմբերի առաջին օրերին, Սաֆարովի դեպքերի ժամանակ այդպես էլ եղավ (2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Ադրբեջանին հանձնեց ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպային), փոքր պատերազմի պատկեր էր: Հայ հաքերները խաթարեցին ադրբեջանական լրատվական դաշտը, երկու օր շարունակ մեր լրատվամիջոցներն էին միայն աշխատում: Հետո իրենք հակառակն արեցին, բայց արդեն հայկական կարծիքն էր տարածվել աշխարհում: Պատկերացրեք` կայքերի խաթարումը ինչ հետևանք կարող է ունենալ պատերազմական շրջանում:
-Ի՞նչ կասեք Հայաստանում ձևավորվող ինտերնետային առևտրի մասին:
-2014-ը կարելի է համարել ինտերնետային առևտրի տարի: Դաշտը նոր է ձևավորվում Հայաստանում և օրենսդրության տեսանկյունից շատ անպատրաստ է: Միշտ ենթադրվել է, որ խանութը պետք է պահեստ ունենա, տարածք, վաճառողներ:
Մեր հարկային դաշտը պատրաստ չէ նրան, որ խանութը կարող է ֆիզիկապես գոյություն չունենալ: Օրենսդրության տեսանկյունից ինտերնետային առևտուրը Հայաստանում լրիվ վիրտուալ է: Կան նաև այլ խնդիրներ, Paypal հաշվով առցանց վճարումներ չենք կարողանում ստանալ, ինչը բարդացնում է դրսի հետ առևտուրը: Paypal-ը ամենահայտնի և ապահով վճարային համակարգերից մեկն է, կարող էիր, ասենք, տանը գորգ գործել, վաճառել դրսում ու հեշտությամբ գումար ստանալ:
-Էլեկտրոնային գրքի շուկայի մասին ի՞նչ կասեք: Կարծես «օրինախախտումներն» այս դաշտում շատ են:
-Ես, օրինակ, մի քանի օր առաջ գիրք եմ գնել ամերիկյան հետախուզության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի մասին: Բայց դա արտառոց դեպք էր, հրապարակել էին նոր փաստեր ու փաստաթղթեր: Մնացած բոլոր գրքերը ներբեռնում եմ անվճար: Հայաստանյան ցանցում ամեն ինչ կարելի է գողանալ, դրա համար ոչ ոք չի գնում: Միջին հայի համակարգչում մի քանի հազար դոլարի գողացված ծրագիր կա` Windows office, Photoshop (ես փորձում եմ օգտվել ազատ տարածված անվճար ծրագրային ապահովումներից): Այսինքն, հեղինակային իրավունքը խախտվում է:
Ես դա այնքան էլ բացասական չեմ համարում: Որովհետև ամեն ինչ անվճար ձեռք բերելու ծայրահեղությանը հակառակ կա մեկ այլ ծայրահեղություն, երբ հեղինակային իրավունքն օգտագործելով, աննկարագրելի մեծ գումարներ են աշխատում, ընդ որում, միջնորդները, ոչ թե գրքի հեղինակը, արտադրողը:
-Ձեր հրապարակումներից մեկում նշել էիք, որ հայաստանյան լրագրողների մեծ մասը չի օգտվում տվյալների շտեմարաններից, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում են ցանցում: Խոսքը աղմկահարույց Wikileaks-ի՞ մասին է:
-Գոյություն ունեն տեղեկատվության բազմաթիվ արտահոսքեր: Սակայն հայկական մամուլը ուշադրություն չի դարձնում դրսի անցուդարձին, երբ հայտնվում են մեծ շտեմարաններ: Քիչ թվով լրագրողներ են փորփրում, գտնում այն, ինչ մեզ է վերաբերում, հիմնականում օգտվում են ռուսալեզու մամուլից և տարածում են այն, ինչ ուրիշներն են բացահայտել: Իսկ ուրիշներին Հայաստանը չի հետաքրքրում:
Կամ, հայ հաքերները Հայաստանի դեմ աշխատող ադրբեջանցի քաղաքագետների և լրագրողների հազարավոր նամակներ են տեղադրել ցանցում` հենց Հայաստանի դեմ աշխատանքի վերաբերյալ: Քանի՞ նյութ եք տեսել դրանց մասին:
-Եվ վերջին հարցը, Facebook-ում հաճախ «վիրուսային» համաճարակ է սկսվում: Ի՞նչ հետևանք կարող են ունենալ վիրուսները, և ինչպե՞ս խուսափել հնարավոր վտանգներից:
-Վիրուսային ծրագրերի հետևանքով կարող է լինել տեղեկատվության արտահոսք, գումար կարող են գողանալ: Էլեկտրոնային առևտուրը դեռ զարգացած չէ մեզանում, քիչ թվով ցանցում գումար ունի, բայց արդեն կորուստներ լինում են: Հաճախ գողացված ծրագիր են օգտագործում, անիմաստ հղումն են սեղմում, հակավիրուսային ծրագիր չեն ունենում կամ ժամանակին չեն թարմացնում: Վտանգներից խուսափելու համար կարևորը ուշադրությունն է:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1642

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ